
Ցերեկային քնկոտության խնդրին հավանաբար շատերն են բախվել: Քնելու մշտական ցանկությունը կարող է նկատելիորեն խանգարել աշխատանքին, դրա համար էլ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել քնկոտությունն ու աշխատանքով զբաղվել:
1. Սառը ջուր
Նախ փորձեք դեմքը պարզապես լվանալ սառը ջրով: Ջերմաստիճանի փոփոխությունը, ավելի ճիշտ՝ կտրուկ սառեցումը, արագ կսթափեցնի Ձեզ, կբարձրացնի էներգիայի մակարդակն ու կաշխուժացնի ուղեղը: Բացի դրանից, սառը ջուրը նեղացնում է մաշկի ծակոտիները, հետեւաբար, օգտակար է մաշկի համար:
2. Կիտրոնով ջուր
Կիտրոնի հյութով ջուրն արդյւոնավետորեն բարձրացնում է էներգիայի մակարդակն ու վերացնում քնկոտությունը: Բացի դրանից, այդ ըմպելիքը նաեւ նպաստում է օրգանիզմում խոնավության անհրաժեշտ մակարդակը պահպանելուն եւ տոքսիններից ազատվելուն, ինչն էլ իր հերթին օգնում է օրվա ընթացքում եռանդուն լինել: Սակայն զգույշ եղեք, որոշ հիվանդությունների դեպքում կիտրոնով ջուր խմել խորհուրդ չի տրվում: Բացի դրանից, ատամների համար այն նույնպես այդքան էլ օգտակար չէ:
3. Մաստակ
Շաքար չպարունակող մաստակ օգտագործելը նույնպես քնկոտությունը հաղթահարելու հրաշալի միջոց է համարվում: Ծամելն արագ վերացնում է քնելու ցանկությունը:
4. Քայլելը
Եթե քնկոտությունը թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա, վեր կացեք ու մի քիչ քայլեք գրասենյակում կամ փողոցում: 5-10 րոպե քայլերը բավական է, որ քնելու ցանկությունն անհետանա, իսկ ուղեղի աշխատանքը լավանա: Այս տեսակետից շատ արդյունավետ է աստիճաններ բարձրանալ-իջնելը:
5. Քուն
Եթե այլեւս ոչինչ չի օգնում, փորձեք 10-20 րոպե քնել: Սակայն 40 րոպեից ավելի քնել խորհուրդ չի տրվում. կա կարծիք, որ ցերեկային ժամերին երկարատեւ քունը նպաստում է 2-րդ տեսակի շաքարախտի զարգացմանը: Դե իհարկե՛, որպեսզի ցերեկը քնելու ցանկություն չունենաք, պետք է փորձեք գիշերը լիարժեք քնել:
|