
Հոգեբանները դեռահասությունն անվանում են նաև ճգնաժամային տարիք։ Ո՞ր տարիքային փուլն է Հայաստանում համարվում դեռահասություն, ո՞րոնք են այդ տարիքին բնորորոշ հոգեբանական խնդիրները, ի՞նչ լուծումներ են դրանք պահանջում։ Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանում է ՀՊՄՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբան, ՀԳԹ Անի Շեկոյանը։
-Արևմտյան երկրներում դեռահասություն համարվում է 14-18 տարեկանն ընկած ժամանակահատվածը։ Իսկ ո՞ր տարիքային փուլն է Հայաստանում համարվում դեռահասություն։
-Սովորաբար տարբեր մասնագետներ տարբեր կերպ են մեկնաբանություն տալիս այս հարցին, այդ ցուցանիշը տարբեր է նաև տարբեր գրականություններում։ Սակայն Հայաստանում հոգեբանական առումով դեռահաս է համարվում 12-17 տարեկանը։
-Ի՞նչ հոգեբանական խնդիրների է բախվում անձը դեռահասության շրջանում։
-Կյանքի այս շրջանում անհատը բախվում է բազում թե՛ ֆիզիկական, թե հոգեբանական խնդիրների։ Ամենամեծ հոգեբանական խնդիրը, որը սերտորեն կապված է մնացած խնդիրների հետ` սեփական «ես»-ի բացահայտումն է։ Այս փուլում առաջանում է անհատականության գիտակցում։ Այսինքն անչափահասը իրեն մեծահասակ է զգում, ձգտում է անկախ որոշումներ կայացնել, ավելի շատ է ուշադրություն դարձնում արտաքին տեսքին։ Ի հայտ են գալիս նոր հետաքրքրությունների համակարգ, որի մեջ հիմնականում տղա-աղջիկ հարաբերություններն են` (համբույրի տեսարաններ, էրոտիկ ֆիլմեր եւ այլն):
-Կա՞արդյոք որևէ հոգեբանական խնդիր, որը բնորոշ է միայն Հայաստանում ապրող դեռահասին։
-Համաձայն «Արաբկիր» բժշկական համալիրին կից Դեռահասների և մանուկների առողջության ինստիտուտի կատարած ուսումնասիրությունների` Հայաստանում դեռահասներն ավելի նյարդային են, քան օրինակ Եվրոպայում։ Եվ դրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն է։ Հայաստանում ապրող դեռահասներին բնորոշ հիմնախնդիր է նաև սեռական կյանքի մասին գրագետ տեղեկությունների բացը։ Մեր երկրում դեռահասները այդ տեղեկությունը ստանում են ոչ թե ծնողից կամ դպրոցից, ինչպես օրինակ զարգացած երկրներում է` այլ համացանցից եւ իրենցից մի փոքր ավելի մեծ ընկեր-ընկերուհիներից։
-Պետական մակարդակով ի՞նչ քայլեր է արվում դեռահասության հոգեբանական խնդիրները նվազեցնելու համար։
-Ինչ վերաբերում է սեռական դաստիարակությանը, այստեղ շատ դեպքերում ոչ միայն դեռահասն է անտեղյակ, այլ նաեւ ծնողը, ուստի «World vision Հայաստան» կազմակերպությունում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, հանրակրթական գրեթե բոլոր դպրոցներում իրականացվում է «Դեռահաս երեխաների առողջ վարքագիծ» թեմայով սեմինարներ, դպրոցներում աշխատում են հոգեբաններ, ովքեր սիրով լսում և աջակցում են երեխաներին։
-Կյանքի այս շրջանում երեխաները դառնում են ագրեսիվ և շատ դեպքերում անկառավարելի։ Ի՞նչ պետք է անի ծնողն այս պարագայում։
-Այո՛,դեռահասության տարիքում մարդու վարքագծում ամենաշատն է ագրեսիա նկատվում։ Ագրեսիայի պատճառ կարող է լինել ինքնագնահատականի անկումը, քանի որ սեռահասունացման հետ փոխվում է մաշկի որակը` հայտնվում են կորյակներ, ցան, անցանկալի մազեր եւ այլն, սխալ դաստիարակությունը, սիրո և ուշադրության պակասը, փոքր տարիքում ընտանիքում բռնության ականատես լինելը, որն ի դեպ Հայաստանին բնորոշ հիմնախնդիր է։ Այստեղ մեծ ազդեցություն ունի ծնողը, ով պետք է նախ փորձի հասկանալ` որն է իր երեխայի նման վարքագծի պատճառը, ապա փորձի շահել վերջինիս վստահությունը` խոսի նրա հետ, պատմի իր կյանքի և մտորումների մասին։ Սակայն այս ամենը ծնողը պետք է անի այնպես, որ երեխայի մոտ տագնապ չառաջանա, օրինակ երեխային օրվա ընթացքում պետք է նաև միայնակ թողնել, անդադար հարցեր տալը նույնպես սխալ է։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ պետք է ծնողները գիտակցեն` երեխայի առանձին անհատականություն լինելն է։ Նման մոտեցումը կօգնի երեխային մտերմանալ ծնողի հետ։
Անուշ Գասպարյան
|