Ցուրտ եղանակին փոքրիկները հաճախ են մրսում: Հատկապես վատ է, եթե հիվանդանում են մինչև մեկ տարեկան փոքրիկները: Նրանք չեն կարող նույնիսկ քթիկը մաքրել և կոկորդը ողողել:
Ի՞նչ է պետք անել այդ դեպքում:
• Բժիշկ կանչեք
Բժիշկ պետք է կանչել ոչ միայն բարձր ջերմաստիճանի, այլև պարզապես երեխայի ինքնազգացողության փոփոխության դեպքում:
Մինչև բժշկի գալը փոքրիկին շատ խմելու բան տվեք: Հարբուխն ուղեկցվում է ինտոքսիկացիայով: Օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում, խախտվում է աղա-ջրային փոխանակությունը, ինչն անվտանգ չէ փոքրիկի համար: Երեխային ջուր և մանկական թեյեր տվեք, բայց ուտել մի ստիպեք:
• Հետևեք մանկաբույժի նշանակումներին
Մենք բոլորս վախենում ենք, որ բժիշկը միանգամից հակաբիոտիկներ կնշանակի: Սովորական հարբուխի և մրսածության դեպքում դրանք պետք չեն, սակայն անհրաժեշտ են բակտերիալ բարդությունների՝ օրինակ, օտիտի կամ անգինայի դեպքում:
• Եթե փոքրիկը ջերմություն ունի
Ժամանակակից մայրիկները գիտեն, որ բարձր ջերմությունն այն բանի նշան է, որ օրգանիզմը սկսել է պայքարել վիրուսների դեմ: Կրծքի երեխաներն ավելի հաճախ են ջերմում, քան մեծահասակները, քանի որ նրանց իմունային համակարգը գտնվում է ձևավորման փուլում և ջերմակարգավորման կենտրոնները դեռևս լրիվ ձևավորված չեն:
Կարևոր է իմանալ, որ 39ՕC-ից բարձր ջերմությունը վտանգավոր է գլխուղեղի համար (հնարավոր է ջղացնցումներ սկսվեն), ուստի անհրաժեշտ է այն իջեցնել:
Արժե սկսել ֆիզիոլոգիական մեթոդներից: Երեխային թեթև հագցրեք. օդը կկլանի ավելորդ տաքությունը: Մարմինը շփեք սենյակային ջերմաստիճանի ջրով թրջած սպունգով՝ հատկապես թևատակերը և ճակատը:
Ջերմիջեցնող դեղերը պետք է "մանկական" լինեն:
• Եթե երեխայի քիթը փակ է
Հարբուխը կրծքի երեխայի մոտ լուրջ խնդիր է: Փոքրիկը դեռևս չի կարողանում բերանով շնչել, իսկ փակ քթիկի պատճառով նա չի կարողանում ոչ հանգիստ շնչել, ոչ ուտել: Բացի այդ, նորածինների մոտ հարբուխը շատ հաճախ հանգեցնում է լորձաթաղանթի ուժեղ այտուցվածության և քթանցքների փակման, ինչի հետևանքով առաջանում են զանազան բարդություններ (սինուսիտ, օտիտ, ֆարինգիտ):
Երեխայի քթանցքները մաքրեք լորձի հեռացման համար նախատեսված հատուկ հարմարանքի միջոցով՝ նախօրոք քթանցքների մեջ աղային լուծույթ կաթեցնելուց հետո (օրինակ՝ «Սալին»):
Քթիկը մի մաքրեք միևնույն թաշկինակով: Միկրոբները նորից ընկնում են լորձաթաղանթի վրա, և հիվանդությունը ձգձգվում է: Օգտվեք մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներից:
Քթի կաթիլներ և հազի դեմ դեղամիջոց պետք է նշանակի միայն բժիշկը՝ ելնելով երեխայի վիճակից և տարիքից:
• Սենյակում ապահովեք օդի նորմալ խոնավություն (60%):
• Թոքերը մաքրվում են նաև փոքրիկի ակտիվ շարժումներից, մարմնի դիրքի փոփոխությունից:
Ուստի եթե երեխան ուզում է ձեր ձեռքերից բռնած թռվռալ և շարժվել, մի արգելեք, իհարկե, եթե բարձր ջերմություն չունի:
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է
Զանգեք բժշկին, եթե հայտնվել են հետևյալ տագնապալի ախտանշանները.
39ОC և բարձր ջերմություն կամ, ընդհակառակը, նորմայից ցածր ջերմություն,
դժվարացած կամ փոփոխված շնչառություն (սուլոցներ, խռխռոցներ և այլն),
եթե քթից եկող ջրային թափանցիկ արտադրությունը վերածվել է թարախայինի,
եթե երեխան հրաժարվում է ուտել և խմել,
եթե երեխային անհանգստացնում է գլխացավը,
եթե անսովոր քնկոտ և թուլացած վիճակում է կամ, ընդհակառակը, շատ դյուրագրգիռ և քմահաճ է:
ԲԱՐՈՄԵՏՐ
|