3:30 PM Որոնք են բոտուլիզմի ախտանշանները, առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները | |
Սննդամթերքը բոտուլիզմի հարուցիչներով կարող է ախտահարվել տարբեր ճանապարհներով: Օրինակ՝ միսը կարող է աղտոտվել մորթի և մասերի բաժանելու ժամանակ, ձկան մեջ հարուցիչն անցնում է արտաքին ծածկույթների միջով` որսի ժամանակ այն վնասելու դեպքում կամ աղիների միջոցով, բուսական ծագման սննդամթերքը (միրգ, բանջարեղեն) և սունկը բոտուլիզմի հարուցիչներով հիմնականում վարակվում են հողի միջոցով: Երբ այս մանրէն հայտնվում է իր զարգացման համար անբարենպաստ պայմաններում, վերածվում է սպորի: Սպորերը ջերմակայուն են և 100°C պայմաններում պահպանվում են 5-6 ժամ, դրանք ոչնչանում 120-130°C ջերմաստիճանում և 1.5-2 մթնոլորտ ճնշման ազդեցության տակ, իսկ նման պայմաններ ստեղծվում են միայն հատուկ սարքերում՝ ավտոկլավներում: Պահածոյի փակ տարայում սպորը նորից վերածվում է կենսունակ ձևի, բազմանում ու սկում է թույն արտադրել, որը անցնելով մարդու օրգանիզմ, պատճառ է դառնում ծանր հիվանդության՝ բոտուլիզմի: 30% դեպքերում բոտուլիզմը կարող է ունենալ մահվան ելք:
Բոտուլիզմի հիմնական նշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Այս նշանները ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, քանի որ վաղ ցուցաբերած համապատասխան բուժումը կանխում է անբարենպաստ ելքը:
Բացի տնային պայմաններում պատրաստված պահածոյացված մթերքից, պետք է զգուշանալ նաև տանը պատրաստված ապխտած ձկներից, երշիկներից:
Բոտուլիզմի կանխարգելման համար անհրաժեշտ է բացառել հարուցչի հայտնվելը հումքի վրա, սպորների աճի կանխումը, վեգետատիվ ձևերի բազմացումը և տոքսինի առաջացումը պատրաստի պահածոյացված մթերքում: Աղ դրած և մարինացված սնկեր և բանջարեղեն պետք է պատրաստել էմալապատ կամ այլ տարաներում, որոնք կապահովեն թթվածնի ազատ մուտքը: Չի թույլատրվում պահածոյացնել վնասված, փչացած բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ: Բանջարեղենը և մրգերը պետք է լինեն լավ լվացված հողի մասնիկներից:
Շատ կարևոր է խոտանել բոմբաժային տարաները: Սակայն բոտուլիզմից խուսափելու միակ ապահով միջոցն է օգտագործելուց առաջ տանը պատրաստած պահածոն 10-15 րոպե եռացնելը, որի ընթացքում բոտուլինոտոքսինը քայքայվում է և պահածոն դառնում է անվտանգ օգտագոործման համար:
Աղբյուրը՝ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի ֆեյսբուքյան էջ | |
|
Всего комментариев: 0 | |