
Ինչ է կրծքագեղձի կիստան
Կրծքագեղձի կիստան բավական տարածված ախտաբանություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչ կրծքագեղձի մեջ: Որպես կանոն այս հիվանդությունը բավական երկար ժամանակ չի անհանգստացնում կնոջը, իսկ տհաճ զգացողությունները, ցավն ու այրոցն ի հայտ են գալիս բավական ուշ: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:
Խոռոչն առաջանում է գեղձի ծորանի մեծացման հետևանքով, որում կուտակվում է գեղձազատուկը և աստիճանաբար առաջանում է ֆիբրոզային պատիճ: Այս նորագոյացությունները լինում են կլորավուն, օվալաձև կամ տձև:
Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել կոստոզային խոռոչի բորբոքում ու թարախակալում: Կրծքագեղձի կիստան հազվադեպ է վերածվում քաղցկեղի, սակայն միևնույն ժամանակ այն բարձրացնում է չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը: Հաճախ հիվանդությունն ուղեկցվում է կանանց հորմոնալ ֆոնի և սեռական կյանքի խանգարումներով: Բացի այդ, շատ մեծ չափերի դեպքում կիստան կարող է նաև փոխել կրծքի ձևը:
Կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառներն ու զարգացման գործոնները
Կրծքագեղձի կիստայի առաջացման հիմնական պատճառը հորմոնալ դիսբալանսն է, որը որպես կանոն զարգանում է, երբ ձվարանները սկսում են չափազանց շատ էստրոգեն արտադրել: Կանանց սեռական հորմոնների բարձր մակարդակի հետևանքով կրծքագեղձի էպիթելի հյուսվածքները սկսում են տարածվել և այն այտուցվում է: Այս կերպ խցանվում են կրծքագեղձերի ծորանները և առաջանում է կիստա:
Սակայն եթե հիվանդությունը կրում դիֆուզային բնույթ, ապա կրծքագեղձի կիստան լինում է բազմաթիվ մանր կիստաների տեսքով:
Որոշ արտաքին խթանիչներ կարող են նպաստել կնոջ հորմոնալ ֆոնի խանգարմանը: Մասնավորապես՝ կրծքագեղձի կիստայի առաջացմանը կարող են նպաստել.
· երկարատև մտավոր ծանրաբեռնվածությունը,
· հաճախակի հուզական գերծանրաբեռնվածությունները,
· սթրեսները,
· հաճախակի գերհոգնածությունը:
Կանանց էնդոկրին համակարգի համար ամենավտանգավոր երևույթը հղիության արհեստական ընդատումներն են: Հաճախակի աբորտների դեպքում ձվարանների գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով ավելի շատ էստրոգեն է ատադրվում և առաջանում է կիստա:
Կրծքագեղձի կիստայի արտադրման վրա ազդում են հետևյալ գործոնները.
· Ավելորդ քաշ. ճարպային հյուսվածքները կուտակում են պրոգեստերոն հորմոնը, որն այնտեղ վերածվում է էստրոգենի: Սա է պատճառը, որ ավելորդ քաշի խնդիր ունեցող կանանց մոտ բարձր է լինում արյան մեջ էստրոգենի բարձր մակարդակի հետ կապված հորմոնալ հիվանդությունների առաջացման հավանականությունը:
· Անառողջ սնունդ. անառողջ սննդակարգի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը, ինչը վաղ թե ուշ ազդում է կնոջ նեյրոէնդոկրին համակարգի վրա:
· Ջերմային ներգործություն. ջերմային պրոցեդուրաներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են էստրոգենի արտադրությունը, ինչն էլ մեծացնում է կիստայի առաջացման հավանականույթունը:
· Վնասվածքներ. ցանկացած վնասվածք կարող է դառնալ կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառ:
Հիվանդությունների տեսակները. կրծքագեղձի կիստայի դասակարգումը
Գոյություն ունեն կրծքագեղձի կիստայի հետևյալ տեսակները.
· Կրծքագեղձի ատիպիկ կիստա. այս դեպքում կիստան առաջանում է ծորանում հեղուկի կուտակման հետևանքով: Այն ունենում է տարբեր տրամագծով կլորավուն կամ օվալաձև ֆիբրոզային պատիճ: Կրծքագեղձի ատիպիկ կիստան լինում է բարորակ և ունենում է դեպի խոռոչի ներս ձգվող ճյուղավորումներ:
· Ֆիբրոզային կիստա. այս տեսակը շատ մեծ դեր է խաղում օնկոլոգիայի մեջ: Այն լինում է պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ: Որպես կանոն, նման կիստաներն առաջանում են դաշտանադադարի ժամանակահատվածում՝ հորմոնալ խանգարումների հետևանքով: Ֆիբրոզային կիստայի առաջացման գործոն կարող են դառնալ ինչպես իմունային համակարգի աշխատանքի խանգարումը, այնպես էլ առանձին օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումները:
· Սոլիտար կիստա. սա բարորակ կիստա է, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում: այն լինում է կլորավուն և ունենում է առաձգական կազմություն: Սա հեղուկով լցված ուռածություն, որի պատիճը ժամանակի ընթացքում ավելի է կարծրանում: Այն դրսևորվում է դաշտանային ցիկլի երկրորդ շրջանում նկատվող ցավոտ զգացողություններով, որոնք անհետանում են դաշտանի ավարտվելուն պես:
· Ծորանային կիստա. կիստայի այս տեսակը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ամենից հաճախ ի հայտ է գալիս 48 տարեկանից հետո: Սա նախաքաղցկեղային վիճակն է և կազմում է կրծքագեղձի նորագոյացությունների 1%-ը: Սա կրծքագեղձի ներծորանային պապիլոման է, որը դրսևորվում է կրծքագեղձի ներսում առաջացած փոքրիկ պալարներով:
· Բազմախոռոչ կիստա. այս դեպքում կիստան սկզբնական շրջանում ձևավորվում է որպես մեկ գոյացություն, սակայն հետագայում դրա մոտ սկսում են առաջանալ նոր կիստաներ: Սա շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է վերածվել քաղցկեղի:
Կրծքագեղձի կիստայի ախտանշանները
Որպես կանոն՝ ոչ շատ մեծ կիստաները հազվադեպ են անհանգստացնում հիվանդին և հայտնաբերվում են պատահաբար, սակայն հիվանդության զարգացման ու կիստաների մեծացման հետ մեկտեղ առաջանում են ցավոտ զգացողություններ: Կարող է նկատվել կրծքագեղձի կոշտացում, որն ի հայտ է գալիս դաշտանից մի քանի օր առաջ:
Խոշոր կիստաների դեպքում ցավոտ զգացողությունները կրում են մշտական բնույթ: Բացի այդ, նկատվում են նաև այրոց ու անհամաչափ կոշտացումներ:
Կրծքագեղձի կիստան առաջանում է անկախ դաշտանային ցիկլից: Չափազանց մեծ կիստաների դեպքում կրծքագեղձը կարող է դեֆորմացվել: Նկատվում է կարմրություն, իսկ երբեմն նույնիսկ մաշկի կապտածություն: Այս հիվանդությունն ուղեկցվում է նաև թևատակերի ավշային հանգույցների մեծացմամբ:
Ինչ պետք է անի հիվանդը կրծքագեղձի կիստայի ախտորոշման դեպքում
Կանայք պետք է ամեն տարի առնվազն մեկ անգամ բուժզննում անցնեն համապատասխան մասնագետի մոտ, իսկ կոշտացումների և այլ կասկածելի ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:
Կրծքագեղձի կիստայի ախտորոշումը
Որպես կանոն՝ խոշոր կիստաները կարելի է ախտորոշել նույնիսկ շոշափելով, սակայն մանր կիստաների դեպքում հարկավոր է կատարել ուլտրաձայնային հետազոտություն և մամոգրաֆիա:
Որոշ դեպքերում կարող է լինել մագնիսառեզոնանսային շերտագրության անհրաժեշտություն, սակայն ախտորոշման այս մեթոդը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում:
Եթե գոյացության ներսում հայտնաբերվում են պապիլոմաներ, ապա կատարվում է նաև բիոպսիա՝ պարզելու համար, թե ինչ բնույթի են նորագոյացությունները (բարորակ կամ չարորակ):
Կրծքագեղձի կիստայի բուժումը
Հիվանդության բուժումն իրականացվում է բժիշկ-մամոլոգի հսկողության տակ: Պահպանողական բուժման դեպքում հիվանդին նշանակվում են հատուկ դեղամիջոցներ՝ հորմոնալ ֆոնի կարգավորման համար: Որոշ դեպքերում իրականացվում է պունկցիա, որի ժամանակ կիստայի խոռոչից դուրս է բերվում հեղուկը, այնուհետև ներարկվում է հատուկ լուծույթ, որը ոչնչացնում է կիստայի պատիճը:
Եթե կիստան արտահայտված ատիպիկ բնույթի է, ապա կարող է նշանակվել վիրահատական բուժում:
Ինչ բարդություններ կարող են առաջանալ կրծքագեղձի կիստայի դեպքում
Կրծքագողձի կիստայի որոշ տեսակներ կարող են վերածվել չարորակ ուռուցքի: Սա է պատճառը, որ այս ախտաբանությունը հարկավոր է հնարավորինս շուտ բուժել:
Կրծքագեղձի կիստայի կանխարգելումը
Հարկ է հիշել, որ կրծքագեղձի կիստայի կանխարգելման որևէ հատուկ մեթոդ գոյություն չունի: Պարզապես հարկավոր է ժամանակին բուժզննում անցնել, վարել առողջ ապրելակերպ և հրաժարվել վատ սովորություններից ու հորմոնալ դեղամիջոցների հաճախակի կիրառումից:
Նյութի աղբյուրը՝ likar.info
|