5:26 PM Հայկ Պետրոսյանը «Ֆուլ հաուսում» խաղալու մասին | |
«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում հանդես կգա նաև դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Նա մարմնավորելու է պատգամավորի տղայի: Ըստ կերպարի՝ սիրային եռանկյունի է ձևավորվելու Հայկի, Միհրանի և Արփիի հերոսների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, ակնկալիքների, առաջիկա ներկայացման և ոչ միայն այդ ամենի մասին:
-Հայկ, որպես դերասան՝ առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ այս առաջարկը:
- Ես երբեք սիթքոմերի երկրպագու չեմ եղել՝ լինի հայկական, ամերիկյան, թե այլ երկրի արտադրության, սակայն «Ֆուլ հաուսը» Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ լավագույն սիթքոմն է: Դա վկայում են թե´ ռեյթինգները, թե´ նկարահանման որակն ու հումորները: Սա չեմ ասում, որովհետև նկարահանվելու եմ, պարզապես այսքան ժամանակ ավելի լավը չեմ տեսել:
Կարծում եմ՝ կարող եմ շատ բան սովորել: Ինձ համար սա փորձ ձեռք բերելու հնարավորություն է՝ թե´ նկարահանման, թե բեմական, որովհետև «Ֆուլ հաուսը» նաև ներկայացումներ է ունենում:
-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու:
- Պատգամավորի տղա է, ով սիրահետելու է Լիկային: Կերպարի բնավորության, շարժուձևի վրա դեռ աշխատում ենք, որպեսզի այն լիարժեք լինի:
Մեր հասարակության մեջ ընդունված է, որ պատգամավորի տղան պետք է լինի լկստված, կարճ ասած՝ «պոռճ»: Կերպարս կունենա իր միջավայրի ազդեցությունը, սակայն հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի:
-Տևական ժամանակ է՝ ներկայացումներ եք խաղում, նկարահանվել եք նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմում, սակայն հեռուստատեսային նախագծերում մինչև հիմա չեք ներկայացել: Պատճառն առաջարկների պակա՞սն է, թե՞ Ձեր չափորոշիչներին անհամապատասխան առաջարկներ ստանալը:
-Ճիշտն ասած, բավականին շատ եմ ստացել առաջակներ, ուղղակի չեմ համաձայնել: Պատճառը պայմանավորված է եղել կա´մ դերով, սցենարով, կա´մ իմ զբաղվածությամբ: Հիմնականում ինձ բավականին հետաքրքիր առաջարկներ են արել: Հիմա էլ եմ զբաղված, բայց մի կերպ պիտի հասցնեմ:)
-Ի դեպ, առաջիկայում ներկայացում ունեք: Նոր ծրագրո՞վ եք ներկայանալու:
- Փետրվարի 14-ին Տիկնիկային թատրոնում ներկայանալու եմ «Սուրբ Վալենտի՞ն, ո´չ, Սուրբ Սարգիս» ծրագրով: Համերգային ֆորմատով եմ ներկայանալու, կլինեն նաև սքեթչեր: Երեկոյի հատուկ հյուրը Սևակ Ամրոյանն է, առանձնահատուկ հյուրը՝ Սոնա Ռուբենյանը:) Իմ կողմից շատ սիրելի արտիստներ են, ովքեր բախտի բերմամբ նաև իմ ընկերներն են:
Բացի այդ, հրավեր ենք ստացել «Եթե ես լինեի պապա» ներկայացմամբ մասնակցել Բելառուսում կայանալիք փառատոնի:
Մարտի 8-ին և 9-ին ևս հանդես կգամ Տիկնիկայինում: Հավանաբար, Շառլ Ազնավուրի երգերը կներկայացնեմ: Ենթադրում եմ, որ սեպտեմբերին նոր ներկայացում կունենամ: Սցենարը, գրեթե, պատրաստ է: Աշխատանքային վերնագիրն է՝ «Լավը, վատը, ճիշտը»: Ինձ մոտ ամբողջ տարին արդեն պլանավորված է:
-Ըստ Ձեզ՝ հեռուստատեսային նախագծում խաղալը որքանո՞վ կնպաստի Ձեր ներկայացումների նկատմամբ հետաքրքրության աճին:
- Միանշանակ հեռուստատեսությունը մեծ ճանաչում է բերում, ավելի պոպուլյար ես դառնում: «Ֆուլ հաուսն» ամեն տեղ դիտում են: Շատ կուզեմ դրական ազդեցություն ունենա, թեև հիմա էլ չեմ բողոքում տոմսերի վաճառքից, բայց Երևանում շատ դժվար է տոմս վաճառել: Շատ արտիստներ կան, մրցակցությունը մեծ է, միգուցե մարդիկ մտածեն՝ «Ֆուլ հաուսի» տղան է, տեսնենք՝ ինչ է անում, գան ու դառնան իմ հանդիսատեսը: «Ֆուլ հաուսն» արտերկրում էլ են շատ նայում: Հետագայում հյուրախաղերի մեկնելիս կարող է շատ նպաստավոր լինել:
Այսինքն՝ այն, ինչ պետք է անեմ, օրինակ, 3 տարում և կամաց-կամաց հասնեմ հաջողության, «Ֆուլ հաուսը» կարող է ինձ տալ 1 ամսում: Համաշխարհային շուկան էլ է այդպիսին: Հարցն այն է՝ ինչպես կօգտագործես այդ հայտնիությունը: Երբ մենք մասնակցում էինք «Հայ սուպերսթարին», այն շատ բարձր ռեյթինգ ուներ և մեծ հայտնիություն բերեց բոլոր մասնակիցներին:
-Այդ հայտնիությունը չօգտագործեցիք, քանի որ զորակոչվեցիք բանակ: Հետո ինչքանո՞վ էր բարդ նորից սկսել:
-Զորացրվելուց հետո, գրեթե, 0-ից սկսեցի քայլել: Նախագիծը քեզ բերում է ինչ-որ կետի, որից հետո պետք է շարունակես, անհատապես հարթես քո ուղին: Երբ լռում ես, մոռացվում ես:
-Այս առումով Դուք ավելի շահեկան դիրքերում եք, քանի որ Ձեր հայրը հեղինակություն ունեցող դերասան է՝ Վարդան Պետրոսյանը: Դա որքանո՞վ է օգնում Ձեզ:
-Դա միշտ օգնել է, սակայն կա նաև հարցի մյուս կողմը՝ ես պետք է այնպես անեմ, որ իր պատիվն ու հեղինակությունը գետնով չտամ: Յուրաքանչյուր նորմալ ընտանիքում՝ հայրդ լինի դերասան, թե կոշկակար, աշխատում է հայր և որդի հարաբերությունը, երկուստեք պետք է պահեք միմյանց պատիվը:
-Տարիներ առաջ մեր հարցազրույցում Ձեր հայրն ասաց, որ շատ է ուզում Ձեզ հետ հանդես գալ նույն բեմում: Հիմա նա բաց կալանքի մեջ է, աշխատանքային ռեժիմով դուրս է գալիս:Աշխատանքներ տանո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Այդպիսի պլաններ միշտ կան, սակայն կարծում եմ՝ ինձ համար դեռ շուտ է: Ես պետք է աշխատեմ ինձ վրա, հղկվեմ՝ որպես արտիստ, որպես մարդ, որպեսզի ճիշտ երևամ հորս կողքին:
Երբ ես դեռ բանակում էի, մենք խոսում էինք, որ մի նախագիծ անենք և հումորային ձևով ներկայացնենք երկու սերնդի կոնֆլիկտը: Ավաղ, չստացվեց: Հետագայում, երևի, կլինի:
| |
|
Всего комментариев: 0 | |