Գիտնականները պարզել են, որ մոր կաթը ուղղակիորեն կապված է նորածնի գլխուղեղի շատ հատվածների զարգացման հետ, որն ի վերջո դրական ազդեցություն է ունենում երեխայի հետագա կյանքում: Կրծքի կաթով սնված երեխաները ցուցաբերում են ավելի բարձր IQ, լավ հիշողություն, շարժիչային հմտություններ և սովորելու կարողություններ։ Իրենց հետազոտությունների արդյունքները ամերիկացի գիտնականները հրատարակել են The Journal of Pediatrics ամսագրում։ Միացյալ Նահանգների գիտնականները 180 երեխաներից բաղկացած մի խումբ են հավաքել, որոնք իրենց կյանքի առնվազն առաջին 28 օրերին կրծքով են կերակրվել: Ուսումնասիրելով այդ երեխաներին յոթ տարեկան հասակում, հետազոտողները այն եզրակացությանն են հանգել, որ նրանց ուղեղի ծավալը, ինչպես նաև շարժիչային հմտությունների, ճանաչողական կարողությունների, ինչպիսիք են կարդալու, մաթեմատիկական հմտությունների, խոսքի, տեսողական ընկալման և հիշողության թեստերի արդյունքները մեծապես գերազանցում են իրենց այն հասակակիցներին, ովքեր տարբեր կաթնային խառնուրդներով են սնվել։ Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի երեխան ծնվելուց անմիջապես հետո կրծքի կաթով սնվի, այլ ոչ թե փոխարինողներով: Սա հատկապես կարևոր է վաղաժամ ծնված երեխաների համար: Նման դեպքերում հաճախ, երեխային կտրում են մորից, որպեսզի փրկեն նրան և հնարավորություն տան երեխայի օրգանիզմը զարգանա մինչև որոշակի կարգավճակ: Իհարկե, գիտնականները շատ լավ գիտակցում են, որ մանկան զարգացման վրա ազդում են նաև մի շարք արտաքին գործոններ և կրծքով կերակրելը դրանցից միայն մեկն է: Սակայն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այդ գործոնը շատ կարևոր է, ուստի երբեք չի կարելի այն անտեսել:
|