4:23 PM Հոնի բուժիչ հատկությունները | |
Հայտնի է հնագույն ժամանակներից, հետքերը հայտնաբերվել են Շվեյցարիայում` ավելի քան 5000 տարվա վաղեմության շինությունում։ Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է ավելի քան 30 տեսակներ։ Ունեն տերևաթափ ծառի կամ թփի տեսք, կան բազմամյա խոտաբույսեր, մշտադալար տեսակներ։ Գիտական անվանումն է` Cornus։ Հին Հունաստանում և Հռոմում բույսը շատ հարգի է եղել` պտուղները մշակել և դրել են աղի մեջ, ինչպես ձիթապտուղը։ Տարածված է Սարդինիա կղզում, ուր Cornus բնակավայրի մոտ Ք.ա. 3-րդ դարում ճակատամարտ է եղել Հռոմի և Կարթագենի զորքերի մեջ։ Ըստ ավանդազրույցի` Ռոմուլն իր նիզակով շրջան է ուրվագծում և խրում այն կենտրոնում հողի մեջ։ Աճում է մի հոնի, իսկ ծառի շուրջը տարածվում է չքնաղ Հռոմը։ Ըստ մեկ այլ ավանդազրույցի` այս ծառից են պատրաստել Սուրբ Խաչը։ Հոնը եղել է Երուսաղեմում աճող ամենամեծ ծառատեսակը։ Սակայն այն փոքրացրել և վերափոխել են, ճյուղերը կախվել են ներքև, ծաղկի թերթիկները` դարձրել չորս հատ և «խաչել», առէջքները կարմրել են, փշերը` ստացել գամերի տեսք, իսկ պտուղների հյութը` արյան գույն։ Արդյո՞ք այս ծառի բնափայտից է պատրաստված եղել Հայկ նահապետի նետը, որի մեկ զարկը տապալեց Հսկայակազմ Բելին։ Հնագույն ժամանակներից ռազմիկներն ունեցել են իրենց մոտ հոնի լավաշը։ Այն կանխարգելել է դիզենտերիան և լնդախտը։ Բույսը կիրառում են կաշվեգործության մեջ, նուրբ, մոխրականաչավուն ներկանյութ ստանալու համար։ Հոնի արականը կամ սովորականը C. max հնագույն ժամանակներից աճում է մեր հայրենիքում։ ՀՀ բնական պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջանների, Սյունիքի խառն անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1100-1400 մ բարձրության վրա։ Ստվերասեր, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է, ոչ պահանջկոտ հողատեսակի հանդեպ։ Ոսկեդեղին ծաղիկները հավաքված են վահանաձև ծաղկափթթությունների մեջ, ծաղկում է փետրվարի վերջին-մարտին։ Ծաղկման շրջանը 10-14 օր է։ Մեղրատու բույս է, ծաղկափոշին` վաղ գարնանային մեղվահացի հումքի մատակարար։ Պտղաբերում է 12-րդ տարում (մինչև 30 կգ), հասուն ծառը տալիս է մոտ 100 կգ բերք, ապրում է 120 տարի, հաճախ` մինչև 250։ Հնագույն ժամանակներից հայտնի են եղել բույսի բուժիչ հատկությունները։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։ Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։ Պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։ Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։ Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։ Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։ Ցավեր մեջքի հատվածում. Տրորեք պտուղը, տեղադրեք լաթե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ հատվածին։ Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ | |
|
Всего комментариев: 0 | |